ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԱՐԱԳՈՎԱ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՕԾՎԵՑ, ԲԱՅՑ ԴԵՌ ՉՈՒՆԻ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ

  • article's photo
    Հոկտեմբերի 28-ին տասնյակ տարիների լռության մատնված Վրաստանի Ախալքալաքի շրջանի Արագովա (Արագվա, Արակովա` գյուղի անվանումը հանդիպում է երեք ձեւով էլ - Ա.Հ.) գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում կրկին հնչեց Հայր մերն ու մատուցվեց պատարագ: Եկեղեցին ծայրից ծայր լցրած ժողովուրդն այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ սկզբում եւ մի երկար ժամանակ անգամ առաջին շարքերում չէր լսվում Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանի խոսքը: Մինչդեռ սրբազանը Ջավախքի ընդհանուր առաջնորդարանի փոխանորդ հայր Բաբկեն Սալբյանի եւ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու քահանա հայր Կիրակոսի հետ իրագործում էր 1863 թվականին կառուցված Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծման արարողությունը:

     

    Արագովայի ու հարեւան տարածքների տարբեր գյուղերի ներկայացուցիչներով լեցուն եկեղեցին ծիսակատարության ընթացքին զուգահեռ շարունակում էր աղմկել. ջավախքեցիներից շատերի համար թերեւս կյանքում առաջին անգամ էր պատարագի ներկա լինելու հնարավորություն ստեղծվել, բայց որ այն լռության մեջ ավելի տպավորիչ ու գեղեցիկ կհնչեր, չէին գիտակցում շատերը: Սուրբ Գեւորգ եկեղեցու ներսում իրար սեղմված ժողովուրդը տառացիորեն ամեն ինչ հարցնում էր շրջապատից, արձագանքում եպիսկոպոսի ամեն մի խոսքին, փորձում հասկանալ տեղի ունեցողն ու այդ կերպ եկեղեցական ծիսակատարության համար անսովոր աղմուկ ստեղծում:

    Մինչդեռ նույն այդ ժողովուրդը մինչեւ եկեղեցական արարողության սկիզբը հաճույքով եւ երգ ու պարին հարիր լռությամբ դիտեց Հայաստանից ժամանած ազգային պարային համույթի կատարումները: Տիրող ոգեւորությանն ու խնդությանը ջավախքցիների հետ մասնակից էին Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Գեորգի Խաչիձեն, Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջանների գործադիր իշխանությունների ղեկավարությունը, Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչներ:

    Եկեղեցու գոյությունը երկար տարիներ միայն տարեցների հիշողության մեջ մնալուց հետո այդ օրը դարձել էր համընդհանուր թերեւս անգիտակից ուրախության հիմք: Արագովայի նախկին ու ներկա բնակիչների համատեղ միջոցներով ու ջանքերով Սուրբ Գեւորգը վերանորոգելու նախաձեռնություն էր դրսեւորել Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հովիկ Հունանյանը: Եկեղեցին վերանորոգվել է Արագովայի համայնքի շնորհիվ, ես միայն գաղափարն եմ առաջարկել ու կազմակերպել աշխատանքները: Որպես այս գյուղի զավակ ինձ համար նպատակ էր իրագործել մեր պապերի երազանքը, վերանորոգել տաճարը, քանի որ առանց հոգեւոր կենտրոնի կյանքը գնալով ուրիշ է դառնում, հայ մարդը կորցնում է իր կերպարը, հավատքը:

    Ըստ Հունանյանի, եկեղեցու վերանորոգման նպատակն է Ջավախքի ժողովրդին ավելի կապել իր հողին, իսկ երիտասարդ սերնդի մոտ նոր հոգեւոր մշակույթ ձեւավորել: Արագովցի Հովիկ Հունանյանը եկեղեցու վերանորոգման անհրաժեշտությունը բացատրեց այսպես. Մեր պապերը գաղթած լինելով հանդերձ, կարողացել էին իրենց սուղ միջոցներով եկեղեցի կառուցել, կարծում եմ, ներկա սերունդը ինչքան էլ դժվար վիճակում լինի, պետք է վերանորոգեր: Սուրբ Գեւորգը քանդվել էր թշնամու ձեռքով, գմբեթները գնդակոծվել էին 1918 թվականին քեմալական թուրքերի կողմից, հետագայում էլ բոլշեւիկներն այդ քանդված գմբեթները չցանկացան վերանորոգել, վերածեցին պահեստի եւ յոթանասուն տարիների ընթացքում եկեղեցին գնալով ավերակի վերածվեց: Սուրբ Գեւորգի վերանորոգումը տեւել է շուրջ տասը տարի: Աշխատանքը շատ էր, տեղը` հեռու, միջոցներն էլ տրամադրել են այն երիտասարդները, որ հիմա գյուղից դուրս են եկել ու Ռուսաստանում են աշխատում, արվածն այսպես ներկայացրեց Հունանյանը:

    Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը մեծապես կարեւորեց եկեղեցու վերաօծման հանգամանքը: Շատ կարեւոր իրադարձություն է, որ Արագովայի բնակիչների համար նույնիսկ ունի պատմական նշանակություն: Այս եկեղեցին առաջին շինություններից էր, որ տաճկահայաստանից Ջավախքի այս բնակավայր եկած մեր նախապապերը հաստատել էին որպես իրենց իղձերի, երազանքների խորհրդանիշ: Եվ այսօր նշանակալից է, որ Ջավախքի նվիրյալ որդիների, հովանավորների եւ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի աջակցությամբ վերակառուցվեց եւ վերաօծվեց այս եկեղեցին: Համոզված եմ, որ այս եկեղեցին կդառնա այն տեղը, ուր կդադարեն վեճերն ու տարաձայնությունները եւ կհաստատվեն միասնություն ու համերաշխություն: Իսկ թե որն է եկեղեցու պատմական նշանակությունը, դեսպանը բացատրեց այսպես. Այս եկեղեցին կարող է շրջակա երեսուն գյուղերին սպասարկել, որ այս ժողովուրդը կրոնից եւ քրիստոնեական ծեսերից հեռու չմնա: Անկեղծ ասած, ժողովուրդն այստեղ, օբյեկտիվ պատճառներով, հեռու է իր քրիստոնեական արմատներից:

    Ջավախքի ընդհանուր առաջնորդարանի փոխանորդ հայր Բաբկեն Սալբյանի խոսքերով, Արագովայի անցյալ դարի կառույց եկեղեցին հենց սկզբից վերջնական ավարտին չի հասել: Գումարը չի հերիքել գմբեթն ավարտելու, որը մնացել էր փայտաշեն: Հայաստանի խորհրդայնացումից հետո եկեղեցին վերածվել էր պահեստի, եւ դա դեռ լավ էր, որ գոմի չէր վերածվել շատ այլ եկեղեցիների նման, արդեն վերանորոգված եկեղեցու իրողությունը ողջունելով նշեց հայր Բաբկենը:

    Ջավախքում առաջնորդական փոխանորդությունը հիմնվել է 2000-2001 թթ. Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետի կողմից: Հայր Բաբկենի խոսքերով, Մինչ այդ Ջավախքում հիմնականում եկեղեցական արարողություններ չէին կատարվում, պատարագ էր մատուցվում մեկ քահանայով, մեկ-երկու ամիսը մեկ: Ներկայումս վիճակը փոխվել է: Եկեղեցիների վերաօծվելն ու վերաբացվելը առաջնորդական փոխանորդության աշխատանքի պտուղներից մեկն է: Եվ փառք աստծո, այսօր ունենք քարոզչական տիկնիկային թատրոն, կիրակնօրյա դպրոց, մանկական երգչախմբեր, ամառային ճամբարներ, հոգեւոր վերազարթոնք է: Թերեւս ավելին վեց տարում անել հնարավոր չէր:

    Ջավախքի ընդհանուր առաջնորդարանի փոխանորդի ներկայացմամբ, Ջավախքում առաջնային խնդիր էր եկեղեցի-ժողովուրդ կապը, որ հիմա ստեղծված է: Այստեղ մեծ մասը լեռնային գյուղեր են` մոտ 132 հայկական գյուղ եւ երեք հոգեւորական, ինչպե՞ս պիտի կարողանայինք բոլոր գյուղերում լինել ու բոլոր արարողությունները կատարել: Հատկապես որ ձմեռը յոթ-ութ ամիս է տեւում, ճանապարհները փակվում են, լավագույն դեպքում կարողանում ենք տրակտորով գնալ:

    Սոցիալ-տնտեսական վիճակն էլ ազդում է մարդկանց հոգեկան վիճակի վրա: Հայր Բաբկենի խոսքերով, գարունը բացվում է, կարտոֆիլ ցանելու համար մարդիկ դաշտերում են, ամառը պիտի հետեւեն այդ կարտոֆիլին, ձմեռն է ժողովուրդն ազատ, բայց եղանակի պատճառով հոգեւորականները չեն կարող գյուղեր այցելել: Ջավախքի բնակչության մեծ մասն էլ արտագնա աշխատանքի է մեկնում: Եթե նախկինում բնակչության մի մասը մեկնում էր, աշնանը վերադառնում` մկրտվելու, պսակվելու, ցավոք, այդ միտումն էլ չի նկատվում արդեն մեկ-երկու տարի, նշեց հայր Բաբկենը:

    Մեկ այլ խնդիր էլ հոգեւորականների պակասն է: Վերաբացված ունենք 10-15 գյուղերում եկեղեցիներ, ներառյալ Ծալկայում, որտեղ հոգեւորականներ չունենք: Պատկերացրեք, հոգեւոր տարածքը 5-7 հազար քառակուսի կմ է, եւ միայն երեք հոգեւորական: Գոնե այս պահին մի քանի հոգեւորական պիտի մեզ միանա, այլապես այս վերաբացված եկեղեցին էլի նույն կերպ կմնա, եթե հոգեւորական չունենա, քանի որ ժողովրդից էլ մեծ բաներ ակնկալել չի լինի: Եթե այստեղ հոգեւորական լինի, կսպասարկի նաեւ շրջապատի մոտ տասնհինգ գյուղերին:

  • ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ախալքալաք, Արագովա

 



Хостинг от uCoz