Առակներ

ԵԶՈՊՈՍ

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

ԱՂՎԵՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

ԵՂՋԵՐՈՒՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց:


ԱՂՎԵՍՆ ՈՒ ՀՈՎԱԶԸ

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
- Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

ԳԱՅԼԵՐՆ ՈՒ ՈՉԽԱՐՆԵՐԸ

Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:

Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:

ՈւՂԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՍՈՍԻՆ

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.
- Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
- Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ: Հայրն անընդհատ համոզում էր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում: Եվ նա որոշեց օրինակով համոզել. կարգադրեց մի խուրձ շիվ բերել: Երբ բերեցին, կապված շիվերը տվեց նրանց և առաջարկեց ջարդել: Շատ չարչարվեցին, բայց իզուր:
Հայրն արձակեց խուրձը և շիվերը մեկ-մեկ տվեց որդիներին, որոնք առանց դժվարության ջարդեցին շիվերը:
Եվ գյուղացին ասաց.
- Այդպես էլ դուք, զավակնե՛րս, եթե իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի ձեզ:

Առակս ցուցանե. որքան անհաղթելի է համերաշխությունը, նույնքան անզոր է պառակտումը:
 


Хостинг от uCoz